Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կմասնատվի՞ Սիրիան, թե՞ Ասադը կդիմադրի

Կմասնատվի՞ Սիրիան, թե՞ Ասադը կդիմադրի
23.12.2018 | 09:35

Քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, հարձակման ենթադրությունն ավելի է ամրապնդվում, իսկ Դամասկոսը ձգտում է նորանոր տարածքներ հետ վերցնել` Le Figaro-ում գրում է Ժորժ Մալբրյունոն: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ Սիրիայից իրենց զինվորականների հեռանալը «համընդգրկուն» է լինելու և «ենթադրում է նաև ԻՊ-ի դեմ օդային գրոհների դադաերցում»: «Այդ հայտարարությունը զարմացրեց ամբողջ աշխարհին»` խոստովանել է Le Figaro-ին ՄԱԿի մի դիվանագետ, որ զբաղվում է սիրիական հարցով: Սիրիայի խնդիրների փորձագետ Ֆաբրիս Բալանշի կարծիքով` թեպետ ԱՄՆ-ը մի քանի օր քննարկում էր իր դուրս գալը բրիտանացի դաշնակիցների հետ, զորքերի դուրսբերումը կատարվում է արագ: «Պարզ է, որ Էրդողանը պատրաստվում է հարձակվել քրդերի վրա: Նա մի քանի շաբաթ բոլորի գլուխը տարել է այդ հարցով: Թուրքիայի ճնշումը շատ ուժեղ է: Դոնալդ Թրամփն անցած շաբաթ զանգահարեց Էրդողանին, որ ասի` ամերիկացիները կհեռանան, երբ արևելքում երեք գյուղ վերցնեն` Իրանի սահմանից ոչ հեռու, որ դեռ ԻՊ-ի ձեռքում է»` նշում է Բալանշը: Երկուշաբթի օրը Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, հեռանալու լուրը տարածելուց առաջ, ասաց, որ «ամերիկացիների աջակցությունը քրդերին մարտավարական էր ու ժամանակավոր» և հավելեց, որ ամերիկացիների նպատակն էր «փոխել ոչ թե վարչակարգը», այլ միայն նրա «վարքագիծը»:


ՄԱԿ-ի դիվանագետի կարծիքով` այդ հայտարարությունը մասն էր Թրամփի ու Էրդողանի «առավել մեծ գործարքի», որ «ներառում է Patriot հրթիռների վաճառքն Անկարային` ամրացնելու համար Թուրքիայի կապը ՆԱՏՕ-ի հետ, քանի դեռ նրանց գուրգուրում է Ռուսաստանը, փոխարենն ամերիկացիները լքում են քրդերին»: Ամերիկացիների հեռանալը փոխում է ուժերի դասավորությունը Սիրիայի հյուսիս-արևելքում` միակ շրջանում, որտեղ պահպանվել է Արևմուտքի երկրների ներկայությունը` թեկուզ նվազագույն, Սիրիայում գերիշխում են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը` 8 տարի երկիրը բզկտող քաղաքացիական պատերազմի հաղթողները: ԻՊ-ի դեմ պայքարում Արևմուտքի դաշնակիցներ քրդերը գլխավոր պարտվողներն են: Մոսկվան դրդում է Դամասկոսին նրանց ինչ-որ ինքնավարություն տալ, բայց Ասադը դեմ է: Կարճաժամկետ հեռանկարում քրդերի գլխավոր հարցն է` թուրքերը կսկսե՞ն հակաքրդական գործողություն Եփրատի արևելքում` ինչպես սպառնում են: Եփրատից արևմուտք բոլորի հայացքները Մանբիջի վրա են սևեռված: ԱՄՆ-ի հեռանալը հաստատում է Սիրիայի բաժանումը ազդեցության երեք գոտիների` հյուսիսում թուրքական, ռուսական` քաղաքների ու ծովեզերքի շուրջ, իրանական` Լիբանանի սահմանից ու նրա դաշնակից Հեզբոլահից ոչ հեռու: Այս եռյակն ամրապնդում է ջանքերը սահմանադրական խորհրդի կազմակերպումով, որը լիազորված է ապագա Սիրիայի Հիմնական օրենքը ստեղծել: Այդ Սիրիան նման է լինելու ներկա Սիրիային` Բաշար Ասադի գլխավորությամբ:
Ժորժ Մալբրյունո, Le Figaro


Հ.Գ. Փաստորեն` Սիրիայում որոշվում է` միասնակա՞ն կմնա երկիրը, թե՞ կմասնատվի հարցը: Բնական է, որ Բաշար Ասադը դեմ է քրդական ինքնավարության ստեղծմանը` դա նախադեպ կդառնա Սիրիայում ապրող մյուս ազգերի համար, որ նույնպես ինքնավարության հարց կդնեն ժամանակի մեջ: Նրա խնդիրը ոչ միայն իշխանությունն ամրապնդելն է, այլև Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ դա նրան ժամանակավոր դաշինքի կարող է մղել քրդերի հետ` թույլ չտալու, որ Թուրքիան հաստատվի Սիրիայի հյուսիսում: Թուրքերի դեմ պատերազմել Ասադին կխանգարի նաև Ռուսաստանը, որովհետև Անկարային Սիրիայից հեռացնելուց հետո ծագելու է Մոսկվայի ու Թեհրանի ներկայության անցանկալիության հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ